Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների՝ զանգվածային ձերբակալություններ, առևանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց հանդեպ անօրինական գործողություններ և այլն։
Հասկանալի է՝
1. արդեն չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա,
2. չունենալով երկրի ներսում աջակցություն, ստիպված է հենվել որևէ արտաքին գերխաղացողի վրա՝ երկրի շահերը հանելով աճուրդի։
Ընդդիմության ձեռնարկած փողոցային մի քանի ընդվզումների տապալումը (այլ հարց, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում) և խորհրդարանական ընդդիմության ստորացումները հանգեցրել են նրան, որ Հայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը։
Նմանատիպ վիճակներում եղած երկրների փորձը ցույց է տալիս, որ, լավ կամ վատ, քաղաքական պայքարի վարկաբեկումը հանրության գիտակցության մեջ ծնում է տեռորիզմ։
Տեռորը (փոխադարձ) ծնվում է հետևյալ դեպքերում.
- երբ քաղաքական պայքարը դառնում է անհնարին ու անիմաստ,
- երբ հանրության մեջ առաջանում է այն զգացողությունը, որ գործող իշխանությունը ծառայում է արտաքին շահերին, այսինքն, իրենից ներկայացնում է օկուպացիոն ռեժիմ։
Երկրները կայուն են այն ժամանակ, երբ կա քաղաքական համակարգ՝ կառավարող և ընդդիմադիր, որոնք արտահայտում են հանրության տրամադրությունները։ Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմն, սեղմված է վատթարագույն զարգացումների ժամացույցի կոճակը՝ անկառավարելի դրսևորումներով։
Ստեփան Դանիելյան